Արտահերթ զեկույց` Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ Ադրբեջանի հարձակումների մասին

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

Սեպտեմբերի 27-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման ընթացքում թիրախավորվել են մի շարք քաղաքներ և գյուղեր` ներառյալ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը:

2020թ. սպետեմբերի 27-ից մինչև 2020թ․ նոյեմբերի 10-ը, արտասահմանյան 190-ից ավելի լրատվամիջոցներ, ավելի քան 390 անկախ և ԶԼՄ-ների հետ փախկապակցված լրագրողներ լուսաբանել են ռազմական գործողությունները: Արցախ ժամանող լրագրողների հոսքը ավելի է մեծացել Ադրբեջանի կողմից օտարերկրյա լրատվամիջոցների այցը Ադրբեջան և լրագրողական անկախ գործունեությունը սահմանաձակելուց հետևանքով: Այսպես, օրինակ` ռուսական Lifenews լրատվական գործակալության լրագրողները արտաքսվել են Ադրբեջանից` Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվելով փաստերը աղավաղելու մեջ: Ֆրանսիական France 24 լրատվական գործակալության թղթակից Քեթրին Նորիս-Թրենթի հաղորդմամբ՝ ադրբեջանական իշխանությունները մշտադիտարկում էին լրագրողների տեղաշարժը և խախտում տեղում զարգացումները լուսաբանելու լրագրողների իրավունքը: Նորիս Թրենթի փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչները ուղեկցում էին լրագրողներին և միջամտում քաղաքացիների հետ նրանց հաղորդակցությանը: Միևնույն ժամանակ, Արցախ այցելելու պատճառով ադրբեջանական իշխանությունները քրեական գործ են հարուցել WarGonzo-ի ռուս լրագրող Սեմյոն Պեգովի դեմ:

Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները հանրայնորեն հայտարարել են, որ չեն կարող ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների անվտանգությունը` ընդգծելով, որ լրագրողները պետք է դիմեն Ադրբեջանի իշխանություններին` Արցախ մուտք գործելու արտոնագիր ստանալու համար: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ունի տեղեկություն Ադրբեջանի կողմից հատուկ խմբերի կազմավորման մասին, որոնք մշտադիտարկում են արտասահմանյան լրագրողների տեղաշարժը Արցախում` թիրախային հարվածներ հասցնելու նպատակով:

Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի անգամ թիրախավորել են Արցախում աշխատող լրագրողներին, ինչի հետևանքով մասնավորապես ծանր վիրավորվել են 7 լրագրողներ և սպանվել է լրագրողներին ուղեկցող մեկ անձ: Լրագրողների թիրախավորման դեպքերը շարունակել են գտնվել Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում` ռազմական գործողությունների սկզբից ի վեր: Լրագրողների նկատմամբ թիրախավորված և նպատակային հարձակումներն ապացուցվում է այն հանգամանքով, որ հարձակումների պահին լրագրողները կրել են հատուկ համազգեստ և տարբերանշաններ, ինչպես նաև ունեցել են տեսախցիկներ: Լրագրողական մեքենաները, որոնք ռմբակոծության տակ են հայտնվել նույնպես ունեցել են “PRESS” տարբերանշանը: Ավելին՝ լրագրողները թիրախավորվել են ոչ թե ռազմական գործողությունների կիզակետերում, այլ քաղաքացիական բնակավայրերում իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնելու ժամանակ:

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը