Պաշտպանի հայտարարությունը Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ

13 ИЮНЯ 2022, Пресс релизы

Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ) ամեն տարի հունիսի 12-ին համախմբում է տարբեր երկրների կառավարություններին, միջազգային գործատու կազմակերպություններին և աշխատողներին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհից` մատնանշելու երեխաների աշխատանքի խնդիրը և սահմանելու ուղեցույցներ աշխատող երեխաներին օգնելու համար: Oրն առիթ է աշխարհին իրազեկելու երեխաների մտավոր և ֆիզիկական առողջության վրա հարկադիր աշխատանքի բացասական ազդեցության մասին:

  • Երեխաների կողմից կատարվող ոչ բոլոր աշխատանքները պետք է դիտարկվեն որպես պարտադրված աշխատանք: Ըստ ԱՄԿ-ի, երեխաների մասնակցությունն այն աշխատանքին, որը չի ազդում նրանց առողջության և անձնական զարգացման վրա կամ չի խանգարում նրանց դպրոց հաճախելուն, ընդհանուր առմամբ համարվում է դրական երևույթ: Այն կարող է ներառել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են` օգնել իրենց ծնողներին տան գործերով, աջակցել ընտանեկան բիզնեսում կամ գրպանի գումար վաստակել դպրոցական ժամերից դուրս և դպրոցական արձակուրդների ժամանակ: Այս տեսակի միջոցառումները նպաստում են երեխաների զարգացմանը և նրանց ընտանիքների բարեկեցությանը, տալիս են հմտություններ և փորձ, ինչպես նաև օգնում են նրանց մեծանալ հասարակության համար պիտանի անդամներ չափահաս կյանքի ընթացքում: 
  • Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի (ԵԻԿ) 32-րդ հոդվածը սահմանում է շահագործումն ու աշխատանքը որպես վտանգավոր կամ խոչընդոտող, երբ վնասվում կամ վտանգվում է երեխայի առողջությունը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացումը: Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի կոնվենցիան (1999թ.) և դրան առնչվող առաջարկությունները մատնանշում են երեք հիմնական դրույթ, որոնց պետք է հետևեն պետություններն աշխատանքում երեխայի ներգրավվելը բացառելու համար՝ 1. աշխատանքի ընդունելու նվազագույն տարիք կամ տարիքներ, 2. աշխատանքային ժամերի և աշխատանքի պայմանների կանոնակարգում, 3. արդյունավետ պատժամիջոցների և այլ պատասխանատվությունների սահմանում:
  • Երեխայի աշխատանքի անցնելու նվազագույն տարիք պետք է համարվի ոչ պակաս քան պարտադիր դպրոցական կրթությունն ավարտելու տարիքը և բոլոր դեպքերում, ոչ պակաս քան 15 տարեկանը, իսկ հավանական վտանգներ պարունակող աշխատանքում` նվազագույնը 18 տարեկանը: Վտանգավոր աշխատանքի դեպքում, երբ դիտարկվում է ժամային ծանրաբեռնվածությունը, պետությունները բացառության կարգով և համապատասխան խորհրդատվություն անցկացնելուց հետո կարող են նվազեցնել տարիքային շեմը 18-ից մինչև 16, միայն եթե աշխատանքային պայմանները չեն վտանգում երեխայի առողջությանն ու բարոյականությանը և երեխան ստացել է արտաժամյա կրթության համապատասխան ցուցումները:
  • ԼՂՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է:
  • Պարտադիր կամ հարկադիր աշխատանքի արգելքը սահմանված է ԱՀ սահմանադրությամբ, աշխատանքային և քրեական օրենսգրքերով, սակայն օրենսդրությամբ չի սահմանվում հարկադիր աշխատանքի եզրույթը և այդ առումով բացակայում են նաև հարկադիր աշխատանքի ցուցիչները։

Թեմայի վերաբերյալ մանրամասն ուսումնասիրություններին կարող եք ծանոթանալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված «Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին» արտահերթ զեկույցում՝ https://www.artsakhombuds.am/hy/document/858: