Մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01 ИЮНЯ 2022, Пресс релизы

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձի տեքստը ստորև.

«Սիրելի՛ երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Դուք մեր կյանքը քաղցրացնող, ապրելու ու արարելու ուժ տվող անսպառ աղբյուրն եք, հասարակության փոքրիկ, բայց մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով օժտված անդամները։

Հասարակության ու պետության վաղվա լիարժեք քաղաքացին ձևավորվում է  այսօրվա երեխայի համար լիարժեք մանկության ապահովման միջոցով, և այս գործում պարտավորություն ու պատասխանատվություն ենք կրում բոլորս. ծնողները, պետական մարմինները, հանրության մյուս անդամները։ 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ուշադրության կետրոնում պահել երեխաների իրավունքների պաշտպանությունը երեք մակարդակներում. որպես անհատ, ընտանիքի և համայնքի անդամ՝ միտված նրանց բնականոն զարգացման ապահովմանը՝ առաջնորդվելով միայն ու միայն երեխայի լավագույն շահով։

Վերջին պատերազմը, ցավոք սրտի, մեր փոքրիկներին էլ ստիպեց ականատես լինել կյանքի դժվարագույն դրվագներին, ապրել տարբեր բացասական զգացողություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ տեղահանված ընտանիքների երեխաներին նոր միջավայրում լիարժեք ինտերգրելու ուղղությամբ։ Համոզված լինելով, որ հակամարտությունը չպետք է խոչընդոտի երեխաների իրավունքների իրացմանը՝ ՄԻՊ-ը ոլորտի խնդիրների մասին պարբերաբար բարձրաձայնում է ներքին և միջազգային հարթակներում։

Մանկությունը գունեղ է, ջերմ ու լուսավոր, որի մասին հիշողությունները ժպիտներ են առաջացնում կյանքի բոլոր փուլերում։ Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երեխաների ջերմացնող ու ապրեցնող ժպիտները միայն ավելանան մեր բոլորի կյանքում»։