ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է Արցախի փաստաբանական պալատի անդամների հետ

11 ИЮНЯ 2021, Пресс релизы

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հունիսի 11-ին հանդիպել է փաստաբանական պալատի անդամների հետ:

Պաշտպանը կարևորել է  ՄԻՊ հաստատության և փաստաբանության ինստիտուտի համատեղ ներուժի օգտագործումը մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

Հանդիպման ընթացքում Գ. Ստեփանյանը համառոտ ներկայացրել է կառույցի իրականացրած գործունեությունը պատերազմի ընթացքում  և հետպատերազմյան փուլում՝  պատրաստակամություն  հայտնելով սերտորեն համագործակցել փաստաբանական պալատի անդամների հետ, ինչպես մարդու իրավունքներին առնչվող խնդիրների վերհանման, այնպես էլ դրանց լուծման առաջարկների մշակման ոլորտներում:

Փաստաբանները մի շարք հարցեր են ուղղել Պաշտպանին, որոնք հիմնականում վերաբերել են օրենսդրական և իրավակիրառ պրակտիկային, հատկապես՝ քրեական դատավարության նախնական քննության փուլում վստահորդների իրավաչափ շահերի, ինչպես նաև ներկա իրավիճակով պայմանավորված տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը:

Գ. Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրել ներկայացված խնդիրները  և  փաստաբանական պալատի անդամների հետ համատեղ մշակել ու քննարկման առարկա դարձնել արձանագրված խնդիրների կարգավորման առաջարկությունները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են, որ նման ձևաչափով քննարկումները պարբերական բնույթ կկրեն:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Սառաջյանը։