Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ ՄԻՊ աշխատակազմը կազմակերպել է երկօրյա դասընթացներ

10 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021, Հաղորդագրություններ

Դեկտեմբերի 10-ին մեկնարկել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և «ԱՅԱ» նախաձեռնության կողմից համատեղ կազմակերպված «Մարդու իրավունքներ և անվտանգություն» խորագրով երկօրյա դասընթացների շարքը` նվիրված Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի և սահմանադրության, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային օրվան։

Միջոցառմանը մասնակցում են Արցախի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների` Արցախի պետական համալսարանի, «Մեսրոպ Մաշտոց», Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» և Շուշիի տեխնոլոգիական համալսարանների ուսանողները:

Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է օրվա խորհրդին՝ նշելով, որ երեք նշանակալի իրադարձություններն էլ կապակցվում են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համամարդկային օրակարգով։ Նրա խոսքով Արցախի անկախության հանրաքվեի անցկացումն ու սահմանադրության ընդունումը հենց մարդու իրավունքների իրացման իրական օրինակներ են։ Անդրադառնալով դասընթացների կարևորությանը՝ Պաշտպանը նշել է, որ այն ևս մեկ առիթ է մարդու իրավունքների պաշտպանության իրազեկման մակարդակը հանրության մեջ բարձրացնելու և այն առաջ մղելու համար:

«ԱՅԱ» նախաձեռնության հիմնադիր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի իրավաբան-փորձագետ Իգոր Միրզախանյանը ներկայացրել է նախաձեռնության առաքելությունը և շեշտել, որ «Մարդու իրավունքներ և անվտանգություն» դասընթացների շարքը կարևոր են հատկապես հակամարտությունը միջազգային հանրությանը ճանաչելի դարձնելու առումով:

Այնուհետև Ի. Միրզախանյանը հանդես է եկել «Մարդու իրավունքների հիմունքներ» թեմայով դասախոսությամբ։

Դասընթացների շարքը շարունակվելու է նաև վաղը՝ դեկտեմբերի 11-ին, որի ավարտին մասնակիցները ստանալու են հավաստագրեր։