Ի գիտություն բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց

22 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021, Հայտարարություններ և մեկնաբանություններ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բազմաթիվ դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման  ընթացքում պարզվել է, որ Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղված քաղաքացիների դիմումներին տրվում են ոչ պատշաճ եղանակով, ուշացումով  պատասխաններ կամ դրանք մնում են անպատասխան, ուստի  Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել  նման խնդիրների վերացման ուղղությամբ և անվերապահորեն հետևել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը ու օրենքներին, մասնավորապես՝

  • Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
  • Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք՝ բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:
  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչև անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են`

  1. անձի դիմումը, բողոքը.

(...)

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո` եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին:

Նույն օրենքի 46-րդ հոդվածի  համաձայն՝  վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

 Վարչական վարույթի ժամկետն սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից:

 Օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով:

 Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետն ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18:00-ին:

Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքները՝

1. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում`

1) վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը.

2) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որևէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որևէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրից և այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա դիմումի հիման վրա համապատասխան ակտը չստացած կամ այդ ակտի համար դիմում ներկայացրած անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքով սահմանվում են այդ փաստաթղթերը չունենալու համար (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդված):