ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը

10 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021, Հաղորդագրություններ

Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Օրակարգում էին 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Արցախում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին,  ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի, ՀՀ ՄԻՊ-ի, Սփյուռքի և միջազգային կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերը:

Կարևորելով նման ձևաչափով քննարկումները՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից՝ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է հետպատերազմյան Արցախում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը և առանձնացրել հրատապ լուծումներ պահանջող հումանիտար և այլ բնույթի հարցերը։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեղահանված անձանց մի շարք իրավունքների պաշտպանության երաշխավորմանը, բնակարանային ապահովման հարցում առկա խնդիրներին, Արցախում բնակարանային ֆոնդի խիստ սղությանը, կենսական պայմանների ապահովման հարցերին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կապի և հաղորդակցության միջոցների խլացման խնդրին, ջրի և սանիտացիայի իրավունքի երաշխավորմանն ու մի շարք այլ հարցերի։

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրները բարձրաձայնելու և դրանք միջազգային կառույցներին ներկայացնելու ուղղությամբ։