Պաշտպանն այցելել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» միության գրասենյակ

30 ՕԳՈՍՏՈՍ 2021, Հաղորդագրություններ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ օգոստոսի 30-ին այցելել է «ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության գրասենյակ և քննարկել կազմակերպության և մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Պաշտպանը նշել է, որ արցախյան առաջին պատերազմի և 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հարյուրավոր անձանց ճակատագրեր մինչ օրս մնում են անհայտ, որի մասին անհրաժեշտ է վերստին բարձրաձայնել և միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս կարևորագույն հարցին:

Նա շեշտել է, որ չնայած այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին` ադրբեջանական կողմը պատշաճ համագործակցություն չի ցուցաբերում ո՛չ հայկական կողմին, ո՛չ միջազգային կազմակերպություններին անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում, այն դեպքում, երբ բազմաթիվ անձանց` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու վերաբերյալ անհերքելի փաստեր կան:

Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը կարևորել է նաև անհայտ կորած անձանց հարազատների նկատմամբ պետության և հասարակության կողմից ամենօրյա հոգատարության անհրաժեշտությունը և վերահաստատել բոլոր հարցերում աջակից լինելու իր պատրաստակամությունը։