Պաշտպանի հայտարարությունը Ադրբեջանի կողմից տեղեկատվական ահաբեկչության մասին

30 ՀՈՒՆԻՍ 2021, Հայտարարություններ և մեկնաբանություններ

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում  է Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային՝ վերջինիս կողմից տեղեկատվական ահաբեկչությամբ հոգեբանական ճնշում գործադրելով Արցախում ապրող մարդկանց վրա։ Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը՝ տարբեր մեթոդներով վախ, հուսահատություն և հոգեբանական ճնշվածություն տարածելով Արցախում ապրող մարդկանց շրջանում։

Եթե մինչ այդ զանգում էին մեր բնակիչներին ու առաջարկում գնել խանութներն ու բնակարանները, այժմ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվացել է «Խանքենդի» էջը, որը հստակորեն իրականացնում է արդբեջանական քարոզչամեքենայի պատվերները։ Վերջին գրառմամբ էլ Ստեփակերտի ինքնահռչակ պատգամավորը ներկայացնում է իր գոյություն չունեցող գրասենյակի կոնտակտները՝ իբր թե ակնկալելով, որ Արցախի բնակիչները կդիմեն իրեն։ Սա ադրբեջանական իշխանությունների հերթական մանիպուլյացիան ու երկակի խաղն է՝ միջազգային հանրության առջև հանդես գալ խաղաղասերի դիմակով, իսկ երկրի ներսում սեփական հասարակությանը սնել հայատյացությամբ։

Էջի բովանդակային ուսումնասիրությունը հստակ ցույց է տալիս, որ այն համակարգվում է Ադրբեջանի պետական մարմինների կողմից և նպատակ է հետապնդում տեղեկատվական տեռորի միջոցով հոգեբանական ճնշում գործադրել Արցախի բնակիչների վրա, իսկ էջի գրառումների տակ մեկնաբանությունները լցված են հայատյացության, հայերի նկատմամբ ատելության խոսքի մեծ ծավալով։

Պաշտպանը կոչ է արել ազգային անվտանգության մարմիններին գործադրել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ էջի տարածումը մեր բնակչության շրջանում խլացնելու և մեր բնակչության հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար։

Պաշտպանը նաև միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել այս հարցին` նշելով, որ վերոհիշյալը Ադրբեջանի կողմից իրականացվող հոգեբանական ահաբեկչություն է, Արցախի հայերի նկատմամբ էթնիկ զտման համակարգված քաղաքականության բաղադրիչ։