Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել ադրբեջանական պատերազմական հանցագործությունների և հայատյացության քաղաքականության ապացույցներ

25 ՄԱՅԻՍ 2021, Հաղորդագրություններ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 21-ին ընդունել են ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների, և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակված զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին, որոնք Հայաստանի Հանրապետությունում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:

Պաշտպանը կարևորել է զեկուցողի հարցով ԵԽ նախաձեռնությունը և նշել, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները պետք է այցելեն Արցախ՝ այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով։ ԵԽԽՎ-ն ինքն ունի բանաձևեր, որոնցով կարևոր է համարում ԵԽ տարածքում մարդու իրավունքների պաշտպանությունը անկախ պետության ճանաչված լինելուց: Գ. Ստեփանյանն անդրադարձել է նաև այն հարցին, որ Ադրբեջանը միշտ իրականացրել է Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու քաղաքականություն, բայց միջազգային հանրությունը պետք է նկատի ունենա, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդեցություն ունենալ մարդու իրավունքների (կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն) վրա։

Գեղամ Ստեփանյանը և Արման Թաթոյանը ներկայացրել են 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները:

Արցախի ու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Ավելին, այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կայացրած հանցագործություններն ունեն էթնիկ շարժառիթներ և խրախուսվում են իշխանության մարմինների կողմից, հաստատված է նաև ՄԻԵԴ մի շարք վճիռներով։

Հանդիպման ընթացքում Պաշտպանները մանրամասն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, հոգեկան տառապանքներ է պատճառել նրանց ընտանիքներին։

Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԽԽՎ զեկուցողի ուշադրությունն է հրավիրել պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա՝ նշելով, որ պատերազմի հետևանքով Արցախի 120 համայնքներ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, ավելի քան 38 000 մարդ տեղահանվել է այդ համայնքներից, այդ թվում՝ 11 000 երեխա։ Տեղահանված բնակչության մի մասը՝ ավելի քան 13000 մարդ, վերադարձել է Արցախ, իսկ 25000 մարդ դեռևս գտնվում է Արցախի տարածքից դուրս։

Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է տեղահանված անձանց նվազագույն կենսաապահովման պայմանների և սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրները և ընդգծել միջազգային հումանիտար աջակցության խիստ կարևորությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված վայրերում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման քաղաքականության՝ ներկայացնելով կոնկրետ օրինակներ։

Արցախի և Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանները կարևորել են Եվրախորհրդի մարմինների դերը հետպատերազմյան ժամանակահատվածում մարդու իրավունքների վերականգնման ու նոր խախտումներ թույլ չտալու հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: