Պաշտպանը այցելել է Արցախի գիշերօթիկ հաստատությունների սաներին

24 ՄԱՅԻՍ 2021, Հաղորդագրություններ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը այցելել է «ՍՕՍ մանկական գյուղ Կոտայք» և հանդիպել պատերազմական գործողությունների ընթացքում Արցախից տեղափոխված և մանկական գյուղում ապաստանած Ստեփանակերտի և Բերձորի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների սաների հետ:

 

Պաշտպանը ծանոթացել է երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակին և խնամքի ընդհանուր պայմաններին:

 

Այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանը հատկապես ուշադրություն է դարձրել երեխաների զարգացման և հոգեբանական աջակցության որակին, կրթության իրավունքի իրացմանը, նրանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքին և առողջության պահպանման հարցերին: Պաշտպանն ընդգծել է, որ պատերազմի և տարհանման հետևանքով երեխաներն առավել խոցելի են դառնում, ուստի կարևոր է նրանց հանդեպ ցուցաբերվող բարձրորակ կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջապահական աջակցությունը՝ նրանց բոլոր հնարավոր հոգեբանական հետևանքներից զերծ պահելու համար։

 

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել «ՍՕՍ մանկական գյուղ Կոտայք» հաստատության անձնակազմին Արցախի երեխաներին ջերմ ընդունելու և նրանց հանդեպ ցուցաբերած հոգատարության համար, ինչպես նաև տեղեկացրել, որ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատությունում իրականացվող վերանորոգման աշխատանքներից հետո երեխաները տեղափոխվելու են Արցախ։