Արցախի ժողովրդի նկատմամբ 2016թ. ապրիլին ադրբեջանական վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից

02 ԱՊՐԻԼ 2021, Հաղորդագրություններ

2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Կատարածի համար անպատժելիությունը Ադրբեջանը օգտագործել է չորս տարի անց՝ 2020 թվականի աշնանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ միասին լայնածավալ ագրեսիա իրականացնելով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով:

44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը առանց տարբերակման, դիտավորյալ թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, խոշտանգել, անմարդկային վերաբերմունքի ենթարկել ռազմագերիներին և զոհված զինծառայողների մարմինները: Անպատժելիության հետևանք է նաև, որ մինչ այսօր Ադրբեջանը հրաժարվում է հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին և քաղաքացիական գերեվարված անձանց և շարունակում է վանդալիզի ենթարկել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հայկական մշակութային հուշարձանները: Ադրբեջանի վարքագիծը այդ երկրում տարիներ ի վեր պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը համոզված է, որ ինչպես 2016թ. ապրիլյան, այնպես էլ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կանոնավոր  և կոպտագույն խախտումները անհանգստության լուրջ առիթ են ամբողջ միջազգային հանրության համար և պետք է արժանանան համարժեք արձագանքի միջազգային կազմակերպությունների և հեղինակավոր իրավապաշտպան կառույցների կողմից։