Մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հերթական նիստում Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել Գեղամ Գարիի Ստեփանյանը:
Ազգային ժողովում նորընտիր պաշտպանի ելույթը ներկայացնում ենք ստորև՝
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Ներկաներ,
Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածում ամրագրված է` «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
Սահմանադրական այս պարզագույն ամրագրման և բովանդակալից գաղափարի հիմքում ընկած է արցախցու` տասնամյակների հասնող տանջալի ու մաքառող պայքարը: Այո, Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի պատմությունը պայքար է հանուն մարդու իրավունքների և ազատությունների և այդ շարքում ամենակարևորի՝ կյանքի իրավունքի պաշտպանության: Ցավոք, այս հարցում մենք հաճախ ենք մնացել միայնակ, սակայն չենք ընկրկել և շարունակել ենք մեր պայքարը հանուն պատմական արդարության, հանուն մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության: Մեր հիմնարար իրավունքներին և ազատություններին տեր կանգնելու ճանապարհին ամենավերջին փորձությունը 2020 թվականի սեպտեմբերին Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան էր, որն ուղեկցվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և Արցախի ժողովրդի դեմ իրագործված բազմաթիվ պատերազմական հանցագործություններով: Պետք է նշենք, որ գրեթե բոլոր դեպքերում մեր ժողովրդի դեմ իրականացվող հանցագործություններին պատշաճ արձագանքելու Արցախից հնչող կոչերը մնացել և այսօր էլ շարունակում են մնալ անարձագանք: Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք մեր իրավունքների և ազատությունների պաշտպանության համար պայքարից, հակառակը՝ առավել մեծ եռանդով և նվիրվածությամբ պետք է համատեղենք մեր ջանքերը միջազգային փաստաթղթերով համամարդկային հռչակված իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու և դրանք քաղաքական անհիմն շահարկումներից զերծ պահելու ուղղությամբ:
Հարգելի գործընկերներ,
Մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը:
Մարդու իրավունքների պաշտպանությունն այն հիմնարար սկզբունքներից է, որոնց շնորհիվ ձևավորվում է պատշաճ վերաբերմունք պետության, օրենքի, հասարակական կարգի նկատմամբ և երաշխավորվում է իրավունքների պաշտպանության ինստիտուտների զարգացածությունն ու վերջիններիս փոխգործակցությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականության իրականացումն այն կարևորագույն գործիքն է, որ ի զորու է ամրապնդելու Արցախի պետականությունը: Այս համատեքստում ուզում եմ կարևորել 2008 թվականին Արցախում մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնումը և առիթն օգտագործելով արժանին մատուցել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Յուրի Հայրապետյանին, Ռուբեն Մելիքյանին և Արտակ Բեգլարյանին Արցախում մարդու իրավունքների մշակույթի զարգացման, իրավունքի պաշտպանության մեխանիզմների կատարելագործման գործում ունեցած ավանդի համար:
Հարգելի պատգամավորներ,
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ձեր վստահության քվեն ստանալու դեպքում իմ անելիքները ընդգրկելու են երկու հիմնական ուղղություններ:
Առաջին. որպես անկախ պաշտոնատար անձ հետևել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստել խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, ինչպես նաև իրավունքներին ու ազատություններին առնչվող օրենսդրության կատարելագործմանը:
Թեև նախորդող տարիների ընթացքում այս ուղղությամբ ձեռնարկվել են քայլեր, սակայն 44-օրա պատերազը նոր մարտահրավերներ է առաջ բերել Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում: Ստեղծված հումանիտար աղետի պայմաններում աննախադեպ բարձր է մարդու քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների խախտումների ռիսկայնությունը: Այս իրավիճակում առավել մեծ ջանքեր և սրտացավ աշխատանք է պահանջվում՝ կանգնելու յուրաքանչյուր քաղաքացու կողքին և անհատական խնդիրների ուսումնասիրության և համակարգային լուծումներ առաջարկելու ճանապարհով ապահովելու նրանց իրավունքների պատշաճ պաշտպանությունը:
Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ առավել մեծ ուշադրություն պետք է հատկացվի խոցելի խմբերի՝ երեխանների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, տեղահանված անձանց, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանը: Նրանց խնդիրներին ծանոթանալու և իրավունքների խախտումները բացառելու նպատակով խիստ կարևոր եմ համարում մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման գործառույթի շրջանակներում կազմակերպվող պարբերական հանդիպումները: Այս ուղղությամբ հեռպատերազմյան ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից որոշակի քայլեր արդեն իսկ իրականացվել են, սակայն կասկածից վեր է, որ դրանք պետք է շարունակվեն առավել ակտիվ և թիրախային կերպով:
Մարդու իրավունքների պաշտպանը իր օրենսդրական լիազորությունների շրջանակներում պարտավոր է գործուն միջամտություն ունենալ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում: Ներկա իրավիճակում համապատասխան պայմաններով ապահովված քրեակատարողական հիմնարկի, քննչական մեկուսարանի բացակայությունը որոշակիորեն սահմանափակում է դատապարտյալների և կալանավորված անձանց որոշ իրավունքներ և խիստ անհրաժեշտություն է ամենակարճ ժամկետում խնդրին տալ համապատասխան լուծում՝ ապահովելով վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանությունը:
Պատերազմի ծանր օրերին հստակ գիտակցելով իր առաքելությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է փաստահավաք առաքելություն, որի ընթացքում հավաքագրված տվյալներն ամփոփվել են ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ և Արցախի ժողովրդի տարբեր իրավունքների խախտումների վերաբերյալ ավելի քան մեկ տասնյակ զեկույցներում ներկայացվել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան համայնքին: Հետպատերազմյան իրողություններով պայմանավորված՝ առանձնակի կարևորություն ունի փաստահավաք առաքելության շարունակությունը, որի շրջանակներում պետք է շարունակվի ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների, քաղաքացիական անձանց սպանությունների, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ տվյալների հավաքագրումը, զեկույցների հրապարակումը և միջազգային համապատասխան մարմիններին ներկայացումը: ՄԻՊ կառույցը շարունակելու է նաև գերիների և անհայտ կորած անձանց վերաբերյալ բաց աղբյուրներից և հարազատներից ստացվող տվյալների հավաքագրման և դրանք լիազոր մարմիններին տրամադրելու իր օժանդակող գործառույթը:
Իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը ենթադրում է մարդու իրավունքների պաշտպանի սերտ համագործակցությունը իրավապաշտպան համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, և պետական կառավարման մարմինների հետ: Այստեղ կցանկանայի հատուկ ընդգծել Ազգային ժողովի՝ որպես երկրի ներկայացուցչական մարմնի հետ մշտական ու հետևողական համագործակցությունը, որը պետք է արտահայտվի ոչ միայն օրենքով սահմանված ժամկետներում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման միջոցով, այլ նաև խորհրդարանականների հետ տարբեր նախագծերի շուրջ պարբերական քննարկումների, քաղաքացիների անհատական բողոքներում բարձրայանվող խնդիրների և դրանց լուծումների շուրջ մտքերի փոխանակման ձևաչափով:
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից գործուն և համընդգրկուն միջոցառումներ պետք է ձեռնարկվեն հասարակության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ, որոնք միտված կլինեն մարդու իրավունքների և դրանց պաշտպանության եղանակների մասին հանրային իրազեկության բարձրացմանը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև լայն հասարակության և քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսմանը: Այս բնագավառում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը ապահովելու համար կայուն համագործակցություն պետք է հաստատվի կրթական հաստատությունների և լրագրողական հակայնքի հետ՝ ապահովելով նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտացմամբ ուսանողների մասնակցությունը երկրում իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում իմ գործունեության հաջորդ ուղղությունը լինելու է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, սփյուռքյան կառույցների և միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ:
Հատկապես կարևորում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը լավագույնս արտահայտվել է 44-օրյա պատերազմի ընթացքում երկու կառույցների կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների ընթացքում հավաքագրվող տեղեկատվության փոխանակման, համատեղ զեկույցերի պատրաստման ու հրապարակման և դրանք միջազգային կազմակերպություններին հասանելի դարձնելու տեսքով: Տեղեկության համար նշեմ, որ պատերազմի ընթացքում երկու կառույցների կողմից հրապարակվել են համատեղ 3 բաց և 6 փակ զեկույցներ: Այսօր էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անմիջական ուշադրության տակ են գտնվում Հայաստանի Հանրապետությունում ապաստանած Արցախի Հանրապետության տեղահանված բնակչության խնդիրները և Պաշտպանը օպերատիվ կերպով արձագանքում է մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերին՝ այդ մասին տեղեկացնելով նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը:
Արցախի ժողովրդի խախտված իրավունքների և հումանիտար աղետի հետևանքների վերացումը պահանջում է համահայկական ջանքերի կենտրոնացում և առաջին հերթին սփյուռքյան կառույցների հետ համակարգված աշխատանք՝ մասնավորապես Հայ դատի գրասենյակների, Հայ բարեգործական ընդհանուր միության, Թուֆենկյան հիմնադրամի և Սփյուռքում ակտիվ գործունեություն ծավալող այլ կառույցների և անհատների հետ: Սփյուռքի հետ համագործակցության մեծ ներուժը այս հարցում ակներև է դարձել մանավանդ պատերազմի ընթացքում, երբ աշխարհի տարբեր ծայրերից հայ իրավաբաններ, հանրային գործիչներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ կապվում էին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ և առաջարկում իրենց աջակցությունը: Ձևավորված մեծ պոտենցիալը առավել մեծ արդյունավետությամբ պետք է օգտագործվի հետայսու ևս՝ ապահովելու համար Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների պատշաճ պաշտպանությունն ու խախտված իրավունքների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացումը: Այս բնագավառում այսօր էլ տարվում են ընթացիկ աշխատանքներ՝ մասնավորապես Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ընդգրկված են ամերիկյան հայ իրավաբանական համայնքի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքներին:
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձևավորման առաջին իսկ տարիներից գործուն հարաբերություններ են հաստատվել միջազգային գործընկերների հետ: Այս համատեքստում հիշատակման է արժանի, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի անդամ և հենց այդ ինստիտուտը այն քիչ կազմակերպություններից էր, որ Արցախի ժողովրդի դեմ իրագործված և այսօր էլ շարունակվող ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների խախտումները և պահանջելով նրանց շուտափույթ վերադարձը հայրենիք:
Միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը պետք է ընդգրկի Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման, տարբեր միջազգային ծրագրերին Արցախի ներգրավվածության թեմաները, ինչը հնարավորություն կընձեռի հաղթահարելու ադրբեջանական մեկուսացումը և կնպաստի տեղում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների կատարելագործմանը:
Հարգելի խորհրդարանականներ,
Իմ ելույթում հնարավորինս հակիրճ փորձեցի անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ անելիքներին, որոնք, ընտրվելու դեպքում, իրականացնելու եմ՝ ղեկավարվելով իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ թեկնածությունը համարում եմ ցուցաբերված բարձր վստահության և ձեր կողմից ընտրվելու դեպքում ինձ վրա դրված մեծ պատասխատավության և պարտավորության չափաբաժին, որը պատշաճ կերպով չիրականացնելու իրավունքը ուղղակի չունեմ:
Շնորհակալություն:
2021թ. ապրիլի 04-ին arcakh24.info լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հրապարակմամբ (https://arcakh24.info/hy/patgamavori-eghbayry-spar......
2016 թվականի ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից: Կատարածի համար անպատժելիութ......