Հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական կողմը սպանել է առնվազն հինգ քաղաքացիական անձի

11 ՀՈԿՏԵՄԲԵՐ 2020, Հաղորդագրություններ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից՝ հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է Արցախի առնվազն 5 քաղաքացիական անձ:

Մասնավորապես, հոկտեմբերի 10-ի կեսօրին Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին և Արտյոմ Միրզոյանին: Կան նախնական տվյալներ, որ Հադրութում քաղաքացիական անձանց շրջանում առկա են այլ զոհեր ևս. հանգամանքները դեռևս պարզվում են:

Օրվա վերջին և գիշերվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Ստեփանակերտի, Մարտունու, Շուշիի և այլ բնակավայրերի բնակելի հատվածներին: Դրանց հետևանքով Մարտունի քաղաքում իր տան փլատակների տակ սպանվել է 75-ամյա Պարգև Սաղյանը, իսկ Շոշ գյուղում վիրավորվել է մեկ 65-ամյա կին:

Ադրբեջանական հրթիռահրետանային թիրախային հարվածների հետևանքով տարբեր բնակավայրերում էականորեն վնասվել են նաև բնակելի տներ ու ենթակառուցվածքներ: Ստեփանակերտի վնասված տներից մեկի տարածք այցի ընթացքում Պաշտպանը գտել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված «Սմերչ» կասետային հրթիռի մնացորդներ, որոնք պարբերաբար ու լայնորեն կիրառվում են Ադրբեջանի կողմից:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը հոկտեմբերի 10-ի երեկոյան հրապարակել է Արցախի բնակչության հանդեպ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը, որի բովանդակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://artsakhombuds.am/en/document/735