Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Արտո Գրիգորյանի հրապարակային պնդումների հիմքով

14 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020, Հաղորդագրություններ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Artsakh24.info լրատվամիջոցի սեպտեմբերի 14-ի այն հրապարակման առթիվ, որտեղ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի բնակիչ Արտո Գրիգորյանը ներկայացնում է պնդումներ սթ սեպտեմբերի 11-ին ոստիկանության ծառայողների կողմից իր և իր երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու,  իրեն ազատազրկելու, ինչպես նաև երեխաների հեռախոսները առգրավելու և այնտեղ եղած նյութերը ջնջելու մասին։

Խիստ անթույլատրելի համարելով պետական մարմնի աշխատակիցների կողմից անձին խոշտանգման ենթարկելու ցանկացած դեպք, ինչպես նաև երեխայի իրավունքների նկատմամբ ցանկացած ոտնձգություն՝ Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատելու տվյալ անձի հետ՝ ուսումնասիրելով նրա բողոքները, որից հետո նրա պնդումների հիմքով համապատասխան գրություններ են ուղարկվելու լիազոր մարմիններին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանը կատարելու է իր լիազորություններից բխող առավելագույն ջանքերը պարզելու դեպքի բոլոր հանգամանքները և աջակցություն ցուցաբերելու Արտո Գրիգորյանի և նրա երեխաների իրավունքների պաշտպանության հարցում: