Արտակ Բեգլարյանը ԱԺ-ում ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի 2019թ. պահպանման ծախսերի կատարողականի հաշվետվությունը

18 ՀՈՒՆԻՍ 2020, Հաղորդագրություններ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 18-ին ԱԺ պետաիրավական և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի 2019թ. պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար 2019թ. պետական բյուջեով նախատեսվել էր 47,452,700 դրամ, որից աշխատավարձի ֆոնդը կազմել էր 37,179,900 դրամ կամ նախատեսված ծախսերի 78.4%:

Հաշվետու ժամանակաշրջանի փաստացի ֆինանսավորումն ու դրամարկղային ծախսերը կազմել են 44,789,500 դրամ կամ նախատեսված բյուջեի 94.4 %-ը, իսկ տնտեսումը կազմել է 2,663,200 դրամ կամ 5.6 %, որն առաջացել է հիմնականում աշխատավարձի ֆոնդի, պետական ծառայողների պարգևատրման, էներգետիկ և կապի ծառայությունների վճարների գծով:

Բացի դրանից, ԱՀ կառավարության թիվ 901-Ա առ 01.11.19թ որոշման համաձայն լրացուցիչ հատկացվել է 916,300 դրամ գումար Արտասահմանյան գործուղումների հոդվածով՝ Ավստրիայի Հանրապետությունում կայանալիք Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի միջազգային համաժողովին մասնակցելու համար:

Աշխատակազմի հաստիքացուցակը բաղկացած էր 14 հաստիքային միավորից՝ ամսական 2,835,200 դրամ աշխատավարձի ֆոնդով:

2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հիմնարկի հիմնական միջոցները և ոչ նյութական ակտիվները կազմել են 26,315,500 դրամ, իսկ արագամաշ առարկաները՝ 579,100 դրամ:

2019թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կրեդիտորական և դեբիտորական պարտքեր Աշխատակազմը չի ունեցել:

2020թ. առաջին եռամսյակում ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը ստուգել է աշխատակազմի 2018-2019թթ. ֆինանսական հատկացումներն ու ծախսերը, և որևէ ֆինանսական խախտում չի արձանագրել: