Արտակ Բեգլարյանը 2019թ. տարեկան հաղորդումը քննարկել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամների հետ

12 ՀՈՒՆԻՍ 2020, Հաղորդագրություններ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունիսի 11-ին, ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ, հանդիպել է խմբակցության անդամներին՝ քննարկելով ԱՀ Մարդու իրավուքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ ներկայացված մի շարք հարցեր:

Ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված զգալի աշխատանքը՝ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը անդրադարձել է տարեկան հաղորդման մեջ զետեղված մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես՝ սոցիալական խնդիրներ ունեցող խմբերի իրավունքների պաշտպանությանը, բազմազավակ ընտանիքներին հատկացվող բնակարանների չափորոշիչների պահպանմանը, ինչպես նաև կարևորել զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը:

Պաշտպանն ընդհանուր գծերով ներկայացրել է կատարված աշխատանքներն ու արդյունքները՝ շեշտադրելով, որ անհատական դեպքերով քաղաքացիներին աջակցելուց բացի ինքը հնարավորինս կարևորել է հետազոտական ու կանխարգելիչ գործունեությունը մի շարք ոլորտներում: Նա տեղեկացրել է նաև, որ ներկայումս արհեստավարժ փորձագետների ընդգրկմամբ Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է առանձին բնագավառներում խորքային ուսումնասիրություններ:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրների բարձրաձայնմանը և լուծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փորձագիտական աշխատանքներում ՀՅԴ կառույցի միջոցով սփյուռքահայ մասնագետների ներգրավման և փորձի փոխանակման հարցը: