Արտակ Բեգլարյանը համագործակցության հեռանկարներ է քննարկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ

23 ՄԱՅԻՍ 2020, Հաղորդագրություններ

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում նշված հիմնադրամների գործունեությանն առնչվող հարցեր: Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի, «Իմ քայլը» հիմնադրամի, «Վորլդ վիժն Հայաստան» հիմնադրամի և ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարարության համագործակցության արդյունքում արդեն մեկնարկել է «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագիրը։ Այն պիլոտային է, որի շրջանակներում նախատեսվում է միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ աջակցություն տրամադրել ավելի քան 25 աղքատ ընտանիքի։ Ծրագրի նախապատրաստական աշխատանքներն ավարտել են, և հունիսին կսկսեն ընտանիքների հետ աշխատանքները՝ կարիքների գնահատումից մինչև ընտանիքավարության կարողությունների զարգացում:

Պաշտպանը համոզմունք է հայտնել, որ ծրագրի հաջողության օրինակով պետական սոցիալական ծրագրերում ևս մոտեցումների վերանայումներ տեղի կունենան: Ա. Բեգլարյանը և Ա. Հակոբյանը նաև մտքեր են փոխանակել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ այլ հնարավոր ծրագրեր Արցախում իրականացնելու շուրջ: