Պաշտպանի հայտարարությունը Վարդան Արզումանյանի ու Արամայիս Բաղդադյանի հացադուլի վերաբերյալ

29 ՄԱՐՏ 2020, Հայտարարություններ և մեկնաբանություններ

Ստեփանակերտում Վարդան Արզումանյանի ու Արամայիս Բաղդադյանի կողմից իրականացվող հացադուլի և շտապ օգնության բժշկի հետ այսօրվա միջադեպի վերաբերյալ Պաշտպանը հայտնում է՝

1. Մարտի 25-ի երեկոյան Պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներից տեղեկացել է, որ Ստեփանակերտում Վարդան Արզումանյանը և Արամայիս Բաղդադյանը հացադուլ են հայտարարել: Հաջորդ օրը՝ մարտի 26-ին Պաշտպանը այցելել է հացադուլի վայր, զրուցել Վարդան Արզումանյանի և տեղում գտնվող այլ քաղաքացիների հետ, իսկ Արամայիս Բաղդադյանը հրաժարվել է շփումից: Վարդան Արզումանյանի ներկայացմամբ՝ հացադուլի պատճառներն ու պահանջները քաղաքական բնույթի են: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնտակտային տվյալները փոխանցվել են նրանց՝ նշելով, որ իրենց իրավունքներին ու ՄԻՊ լիազորություններին առնչվող խնդիրների առկայության դեպքում կարող են կապվել Պաշտպանի աշխատակազմի հետ:

2. Նույն օրը Պաշտպանը հեռախոսազրույց է  ունեցել ԱՀ առողջապահության նախարարի հետ՝ իրազեկելով հացադուլի մասին և հորդորելով ուշադրության ներքո պահել հացադուլավորների առողջական վիճակը: Հաջորդ օրը՝ մարտի 27-ին առողջապահության նախարարը զանգահարել ու տեղեկացրել է, որ շտապ օգնության անձնակազմն այցելել ու զննել է նրանց և հացադուլով պայմանավորված որևէ խնդիր չի արձանագրել:

3. Այսօր՝ մարտի 29-ին, երբ շտապ օգնության անձնակազմը կրկին այցելել է հացադուլավոր անձանց, միջադեպ է տեղի ունեցել հատկապես նկարահանման հետ կապված: Միջադեպի առթիվ Պաշտպանը ընդգծում է՝

• Մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները ենթադրում են, որ անձի կամքին հակառակ նրա անձնական տվյալները չպետք է հրապարակայնացվեն, ներառյալ՝ նկարահանման միջոցով, առավել ևս, երբ նա իրականացնում է ոչ հրապարակային մասնագիտական գործունեություն:

• Բոլորս պետք է զերծ մնանք այլոց հանդեպ վիրավորական վերաբերմունքից՝ նույնիսկ տարաձայնությունների առկայության դեպքում միջանձնային հաղորդակցությունը կառուցելով փոխհարգանքի պայմաններում:

• Բուժաշխատողները պետք է բարեխիղճ կերպով կատարեն իրենց մասնագիտական աշխատանքը՝ անկախ բժշկական օգնության կարիք ունեցող անձի որևէ կարգավիճակից, իսկ պետական լիազոր մարմինները պետք է ապահովեն պատշաճ պայմաններ դրա համար:

4. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել հացադուլի ընթացքին և հացադուլավոր անձանց իրավունքների պաշտպանության վիճակին: