Ազատ տեղաշարժվելու և քաղաքացիության իրավունքներ

16 JUNE 2022, Press Releases

2021թ. ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ոլորտին առնչվող 13 դիմում: Բողոքները հիմնականում վերաբերել են`

  • քաղաքացիության,
  • անձնագիր ստանալու,
  • հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերություններին:

Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթման հետևանքով գործնականում այդ տարածքներում քաղաքացիների հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը և ընթացակարգերը փոփոխությունների են ենթարկվել, այնուամենայնիվ իրավաստեղծ բնագավառում ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն կա, որոնք կսահմանափակեն այս բնագավառում պետական լիազոր մարմինների գործունեության հայեցողական սահմանները։

Բնագավառին առնչվող դիմումների ուսումնասիրության և քննարկման արդյունքում քաղաքացիների բարձրացրած հարցերին լուծում տալու հետ միաժամանակ բացահայտվել են, որ դրանց առաջացման պատճառներից են նաև`

  • քաղաքացիների` իրենց իրավունքի իրացման օրենսդրական ընթացակարգերին չտիրապետելը,
  • ոլորտի իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց վարքագիծը` քաղաքացիների դիմումները օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկելու հարցում, եթե այդ դիմումները չեն ներկայացվել օրենսդրության պահանջներին համապատասխան կամ թերություններով են:

Պաշտպանը գտնում է, որ պետական մարմինները թերություններով ներկայացված դիմումների պարագայում պարտավոր են առաջնորդվել վարչարարության և վարչական վարույթի հիմունքներով` մատնանշելով այդ թերությունները և դրանց վերացնելու համար ժամկետները:

Ոլորտում արձանագրված խնդիրների մանրամասներին կարող եք ծանոթանալ «Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականի տարեկան գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման մեջ, որը հասանելի է հետևյալ հղումով՝

https://artsakhombuds.am/hy/document/919